Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին բերման ենթարկելուց 2-3 ժամ անց բաց են թողել. փաստաբան

22:17 • 08.01.20

Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովը (հայտնի է որպես «Արտյոմ Կանևսկոյ») բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց է թողնվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հարությունովի փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, թե բաց չթողնելու որևէ հիմք չի եղել:

Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունում Հարությունովի հետ եղած անձինք եղել են նրա ընկերներն ու ազգականները, որոնց զենքերը վերցրել են ստուգման ենթարկելու համար:

«Արտյոմ Հարությունովն այդ պահին ընդհանրապես զենք չի ունեցել: Այդ զենքերը մի քանի անգամ ստուգվել են ոստիկանության կողմից, փորձաքննություն է նշանակվել: Մի քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից է ստուգվել»,-ասաց փաստաբանը՝ նշելով նաև, թե զենքերն ստուգելը բարդ բան չէր, կարելի էր նաև հեռախոսազանգով անել.

«Ընդամենը մի ամիս առաջ Ոստիկանության աշխատակիցներն այդ ամենը տարել էին, հետո վերադարձրին, որովհետև օրինական էին: Հիմա այդ նույն զենքերը տարել են, բայց կարող էին մի հեռախոսազանգով ստուգել, որովհետև բոլոր փաստաթղթերն առկա են»,-ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դրանք դեռ չեն վերադարձվել: 

Հիշեցնենք, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Հարությունովին ու նրան ուղեկցող անձանց Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից բերման էին ենթարկել հունվարի 6-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: