Իրանում կործանված ինքնաթիռի բորտուղեկցորդուհու ամուսինը գնացել է օդանավակայան` կնոջը դիմավորելու, և լրագրողներից իմացել ինքնաթիռի կործանման մասին (լուսանկարներ, տեսանյութ)
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Թեհրան-Կիև չվերթի բորտուղեկցորդուհու ամուսինը Կիևի օդանավակայանում լրագրողներից է տեղեկացել ինքնաթիռի կործանման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տղամարդը նշել է, որ «Բորիսպոլ» միջազգային օդանավակայան է եկել բորտուղեկցորդուհի աշխատող կնոջը դիմավորելու նպատակով:
Վերջինս ինքնաթիռի կործանման մասին տեղեկացել է օդանավակայանում հեռուստաալիքներից մեկի ուղիղ հեռարձակման ժամանակ: Տղամարդը փորձել է կապվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության հետ, սակայն պաշտոնական տեղեկություն այդպես էլ չի ստացել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
Նշվում է, որ օդանավում գտնվել է 179 մարդ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։













