Մարալիկցիները բացել են Երևան-Գյումրի ճանապարհը, բայց եթե քննարկումից հետո որոշվի փակել ծննդատունը, ակցիան կշարունակեն

15:27 • 08.01.20

Մարալիկի ծննդատան փակման պատճառով բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը։ Նրանց խոսքով ՀՀ առողջապահության նախարարը մեկ տարի է՝ ասում է, որ աշխատանքի որակը բարելավելու համար անհրաժեշտ է համալրել մասնագետների թիվը։ Բնակիչները պահանջում են չփակել Մարալիկի ծննդատունը։

Տեղում հարցի լուծման նպատակով Երևանից մեկնել են ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Ըստ Նունե Փաշայանի՝ դեռ անցած տարվա մշակված ծրագրով տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեցող ծննդատները չեն համապատասխանում նույնիսկ առաջին մակարդակին, քանի որ երեք օրը մեկ ծնունդ ընդունելը ծննդատան չափանիշներին չի համապատասխանում։

Սակայն ակցիայի մասնակիցներից ծննդատան հերթապահ մանկաբարձուհի Հերմինե Հանիսյանը նշեց, որ «Առողջապահության նախարարը մեկ տարի է՝ ասում է աշխատանքի որակը բարելավելու համար պետք է մասնագետների թիվը համալրել, ո՞ւր է, ոչ մի մասնագետ չուղարկվեց»։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ հարցը ծննդատունը բժիկներով համալրելն է, որի համար սակայն, նախարարությունը պետք է գումար հատկացնի. «Ճանապարհը չի բացվելու, նախարարին փոխանցեք՝ հարցին ողջամիտ լուծում տա և վերջ»,- ասացին Մարալիկի հետագա աշխատանքով մտահոգված քաղաքացիները։

Ավելի ուշ Մարալիկի բնակիչները տեղեկացրին, որ Մարալիկին և հարակից 17 համայնքներին սպասարկող ծննդատան փակման պատճառով Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները որոշեցին բացել ճանապարհը մինչև մարզպետարանում հարցի շուրջ քննարկումն ավարտվի։ Բնակիչները նշեցին՝ եթե որոշվի, որ ծննդատունը փակվելու է, ապա նրանք նորից կփակեն ճանապարհը։