Metallica-ն ավելի քան $500,000 կնվիրաբերի Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

20:06 • 08.01.20

Ամերիկյան Metallica ռոք խումբը խոստացել է 500,000 դոլար նվիրաբերել Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար:

«Մենք ցնցված ենք անտառային հրդեհների մասին լուրերով, որոնք բռնկվել են Ավստրալիայում: Դրան հաջորդող կործանարար հետևանքները երկրի բնակիչների, կենդանիների, շրջակա միջավայրի և Ավստրալիայի բնության համար իսկապես սրտաճմլիկ են»,- РИА Новости-ն փոխանցում է խմբի հայտարարությունը:

Նրանք կոչ են արել միանալ իրենց All Within My Hands հիմնադրամին և անել հնարավոր ամեն ինչ օգնելու համար: Նրանք 750,000 ավստրալական դոլար (ավելի քան 500,000 ամերիկյան դոլար) են խոստացել Ավստրալիայի հրշեջ կազմակերպություններին:

Լայնամասշտաբ հրդեհների հետևանքով Ավստրալիայում մոտ 2000 տներ և ամբողջական քաղաքներ են ավերվել: Առնվազն 25 մարդ և շուրջ մեկ մլրդ կենդանիներ են զոհ գնացել տարերային աղետին: Նոր Հարավային Ուելս նահանգում ոչնչացել է կոալաների մեկ երրորդը:

Ավստրալիայի հրդեհների հետևանքների դեմ պայքարի համար նվիրատվություններ են խոստացել մի շարք այլ հայտնի անձինք, այդ թվում՝ Էլթոն Ջոնը, Քիթ Ուրբանը և Նիկոլ Քիդմանը: