Արցախում վթարի հետևանքով վիրավորված զինծառայող Փայլակ Ասատրյանի վիճակը դեռ գնահատվում է ծանր

11:09 • 08.01.20

Հունվարի 5-ին Արցախում վթարի հետևանքով վիրավորված ժամկետային զինծառայող Փայլակ Ասատրյանի մոտ դեռ դրական դինամիկա չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Սիսակ Ասատրյանը:

«Մինչև երեկ դրական դինամիկա չկար, էսօր չգիտեմ, գնում եմ հիվանդանոց: Արհեստական շնչառության ապարատ է միացված, սիստեմաներ»,-նշեց նա:

 Սիսակ Ասատրյանի խոսքով՝ որդու ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասված:

«Ամբողջ մարմնին սալջարդեր կան: Անընդհատ ցավազրկում են, քնեցնում»,-նշեց նա:

Զինվորի հայրը պատմեց, որ որդին 1,5 տարի առաջ է զորակոչվել բանակ:

Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 5-ին տեղի ունեցած  վթարից տուժել է երկու զինծառայող: Տուժածներին տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև Փայլակ Ասատրյանը  ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փայլակ Ասատրյանի վիճակը գնահատվել էր ծանր: