Ամերիկացիների մեծամասնությունն Իրանի հետ պատերազմի է սպասում. Reuters/Ipsos

14:40 • 08.01.20

Ամերիկացիների 71%-ն Իրանի հետ պատերազմի է սպասում գալիք մի քանի տարիների ընթացքում: Այս մասին վկայում է Reuters/Ipsos-ի հարցումը, որը կատարվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

2019 թվականի մայիսին անցկացված նմանատիպ հարցման ժամանակ պատերազմի սպասում էր ամերիկացիների միայն 51%-ը:

Հունվարյան հարցումը վկայում է նաև, որ ամերիկացիների 41%-ն Իրանին համարում է անմիջական սպառնալիք ԱՄՆ-ի համար (դա 17%-ով ավելի է մայիսի ցուցանիշից), ամերիկացիների 27%-ը հավանություն է տալիս ԱՄՆ-ի կողմից Իրանին կանխարգելիչ հարված հասցնելուն, ևս 41%-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չէ առաջինը հարված հասցնել:

Հարցումն անցկացվել է հունվարի 3-6-ն ԱՄՆ-ի 1005 չափահաս բնակիչների միջև:

Reuters/Ipsos-ի մեկ այլ հարցման համաձայն, որը նույնպես տեղի է ունեցել Սոլեյմանիի սպանությունից հետո, ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանն Իրանի նկատմամբ:

Այդ հարցման համաձայն, որը կատարվել է հունվարի 6-7-ն ԱՄՆ-ի 1108 չափահաս բնակիչների շրջանում, բնակիչների 53%-ը հավանություն չի տալիս Դոնալդ Թրամփի քաղաքականությանն Իրանի նկատմամբ: Դա 9%-ով ավելի է, քան դեկտեմբերին:

Այն մարդկանց թիվը, որոնք «ծայրահեղ դեմ» են Թրամփի քաղաքականությանն Իրանի նկատմամբ, աճել է 10%-ով և կազմում է 39%:

Միևնույն ժամանակ, հասարակական կարծիքը շարունակում է կիսված մնալ ըստ կուսակցական պատկանելիության: Հանրապետականները հավանություն են տալիս Թրամփի գործողություններին, իսկ նրա գործողություններից դժգոհ քաղաքական գործիչների թիվն աճել է դեմոկրատների և անկախների շրջանակներում: Թրամփի քաղաքականությունը չի արդարացնում միայն ամեն տասներորդ հանրապետականը, նույն հարաբերակցությամբ դեմոկրատներն էլ հավանություն են տալիս նախագահի գործողություններին:

Երկու հարցումներն էլ կատարվել են արդյունքների 3-4% սխալվելու հավանականությամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: