Աբխազիայի նախագահը չի բացառել երկրում արտակարգ դրության սահմանումը
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան չի բացառել երկրում արտակարգ դրություն սահմանելու հավանականությունը՝ Սուխումում տիրող իրավիճակի պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հինգշաբթի օրը նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Պետական իշխանության բոլոր մարմիններն աշխատում են սովորական ռեժիմով: Ուժային կառույցները ծառայության ուժեղացված ռեժիմի են անցել: Անհրաժեշտության դեպքում իմ կողմից միջոցներ կձեռնարկվեն երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար: Իրադարձությունների նման զարգացումը քննարկվել է Անվտանգության խորհրդում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ցուցարարները քիչ առաջ ներխուժել են նախագահական նստավայր՝ պահանջելով նախագահի և ներքին գործերի նախարարի հրաժարականը: Անհանգստությունների պատճառ է դարձել վերջերս Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Գործով ձերբակալված անձանցից մեկը նախագահի պահակախմբի աշխատակից է, ինչն էլ հարուցել է բնակիչների զայրույթը:










