Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը

15:47 • 09.01.20

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տարածել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան տարեդարձին ուղղված շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո՛ Լևոն Հակոբի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:

Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը և ազատամարտի կազմակերպմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: