Դի Կապրիոն փրկել է Կարիբյան ծովում 11 ժամ կորած համարվող տղամարդուն
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը Կարիբյան ծովում հանգստանալիս է եղել զբոսանավով, փրկել է մի երիտասարդի, որն ընկել էր ջուրը մեկ այլ նավից և 11 ժամ շարունակ սպասել օգնության, գրում է The Sun պարբերականը:
«Լեոնարդո Դի Կապրիոն հիանալի դեր է խաղացել իրական հոլիվուդյան ֆիլմում: Նա փրկել է մի տղամարդու կյանք, որը հրաշքով ողջ է մնացել 11 ժամ ջրում մնալուց հետո»,- աղբյուրի խոսքը մեջբերում է պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 30-ին Դի Կապրիոն զբոսանավով հանգստանալիս է եղել ընկերների և իր սիրելիի՝ Կամիլա Մորոնեի հետ, երբ դերասանն ազդանշան է ստացել մեկ այլ նավի կապիտանից, որը հայտնել է, որ 24-ամյա հարբած ֆրանսիացին ընկել է նավից: Թե որքան է նա մնացել ջրի մեջ և որտեղ է գտնվում` նավապետը տեղեկություններ չի ունեցել:
Վիկտոր անունով ֆրանսիացուն, ըստ հաղորդման, Սաբա կղզու մոտ նկատել է դերասանի նավի անձնակազմը: Տուժածին դուրս են բերել ջրից, կերակրել, հագուստ տրամադրել:
Աղբյուրը հայտնել է, որ տղամարդը եղել է The Club Med զբոսանավի աշխատակից, որն ալկոհոլային խմիչքը չարաշահելու հետևանքով ընկել էր ջուրը:
«Նրանք միակն էին (Դի Կապրիոյի նավը), որ արձագանքել են նավապետի ազդանշանին»,- հայտնել է աղբյուրը և հավելել, որ տղամարդը մահից է փրկվել:










