Իրանի և ԱՄՆ-ի երկուստեք հետքայլից հետո էլ լարվածությունն ամբողջովին չի թոթափվի, ռազմական գործողություններ կարող են իրականացնել շիա տարբեր ուժեր. իրանագետ (տեսանյութ)
Իրանի ու Միացյալ Նահանգների երկուստեք հետքայլից հետո չենք կարող ասել, որ լարվածությունն ամբողջովին կթոթափվի, չի բացառվում, որ շիա մահմեդական տարբեր ուժեր կարող են իրականացնել պատասխան ռազմական գործողություններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Լիբանանի Հեզբոլլահ շարժման ղեկավար Հասան Նասրալան ասել էր, որ սա Իրանի պատասխանն է, և իրենք էլ իրենց հերթին են պատասխան տալու:
«Սոլեյմանին թեպետ Իրանի գեներալ էր, ռազմական անվանի գործիչ, սակայն հարգանք ու սեր էր վայելում նաև շիա տարբեր խմբավորումների կողմից»,-նշել է իրանագետը:
Վերջինս կարևորել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի այն հայտարարությունը, որ Իրանն ավարտել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժը և ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում նոր ռազմական գործողություններ չեն նախատեսում, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունն այն մասին, որ ռազմական գործողությունների չեն դիմելու:
Ըստ իրանագետի՝ չնայած այս հայտարարությունների՝ կարող են լինել այսպես ասած ստվերային գործողություններ, որոնք միշտ էլ իրականացվել են:
Ահարոն Վարդանյանի խոսքով, հավանական է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վրա հարձակման ղեկավարումն իրականացված լինի Ադրբեջանի տարածքից. «Ադրբեջանից հակաիրանական մի շարք գործողություններ են եղել, օրինակ՝ երբ անցյալ տարի Իսրայելը միջուկային ծրագրի հետ կապված Իրանից հափշտակել էր գաղտնի փաստաթղթեր, դրանք ևս Ադրբեջանի տարածքով էին տեղափոխվել, իսկ տարիներ առաջ՝ իրանական անօդաչու թռչող սարք էր խոցվել Ադրբեջանի տարածքից»:
Մանրամասները՝ տեսանյութում










