Արդարադատության նախարարի կինը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից. Նարեկ Մալյան

19:45 • 09.01.20

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ Ռուստամ Բադասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն և դրան զուգահեռ հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն:

Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես Տաթևիկ Սարգսյանը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը»: