Աբխազիայում նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր (տեսանյութ)

18:29 • 09.01.20

Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահ Ռաուլ Հաջիմբայի նստավայր և պահանջում են նրա հրաժարականը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ցուցարարներին փորձում են հետ մղել ուժայինները: Նրանք կահույքը տեղաշարժում են դեպի կոտրված ապակիներն ու դռները:

Հիշեցնենք, որ գրոհը սկսվել է տեղի ժամանակով 13:00-ին: Նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարները պահանջում էին պետության ղեկավարի հրաժարականը: 

Նախագահի նստավայրի դիմաց հավաքվել է շուրջ 500 մարդ: Բախումների հետևանքով կան տուժածներ, որոնցից ոմանց հոսպիտալացրել են շտապ օգնության մեքենայով: Սակայն երկրի առողջապահության նախարարությունից այդ տեղեկությունը չեն հաստատել:

Ցույցի մասնակիցներից մեկի խոսքով՝ հանրահավաքը պայմանավորված է վերջերս Սուխումի կենտրոնում «Սան Ռեմո» ռեստորանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությամբ, որի ժամանակ երեք մարդ էր զոհվել:  

Ցուցարարի խոսքով՝ գործով ձերբակալված անձն աշխատելիս է եղել նախագահի պահակախմբում:  

Ցույցի կազմակերպիչներից մեկը պահանջում է նաև ներքին գործերի նախարարի հրաժարականը: