Լայնածավալ աշխատանք ենք կատարել Իրանի ու Սիրիայի ճգնաժամերի ընթացքում, կարողացել ենք մշակել և՛ տարհանման, և՛ ճգնաժամին արձագանքելու պլաններ. Անվտանգության խորհրդի քարտուղար (տեսանյութ)

12:48 • 09.01.20

Մենք հույս ունենք, որ մոտակա օրերին ԱՄՆ-Իրան հարաբերություններում ընդհանուր հանգստություն է լինելու, բայց, իհարկե, մենք միշտ վատթարագույնին պատրաստ ենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ սիրիական ճգնաժամի, և՛ Իրանի ճգնաժամի ընթացքում: Կարելի է ասել՝ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել: Մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը, կարծում եմ՝ շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար: Որոշակի առումով այս երկու ճգնաժամից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք կատարելու»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, որ, հաշվի առնելով, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ, հնարավո՞ր է՝ միջնորդություն առաջարկի, Գրիգորյանն ասաց, թե նման տարբերակ դեռևս չի քննարկվել:

«Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, և մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք նրանում, որ երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսություն, մենք ցանկացած տարբերակի պատրաստ ենք՝ օգնելու, որ կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանն անդրադարձավ նաև հարցին, թե Թուրքիա-Ռուսաստան գազատարի բացումը կարո՞ղ է Հայաստանի տնտեսական անվտանգության վրա ազդեցություն ունենալ, Գրիգորյանն ասաց, թե տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիրներ չկան: «Քննարկել ենք բոլոր տարբերակները՝ սննդի անվտանգությունից սկսած մինչև անվտանգության կարևոր ենթակառուցվածքների աշխատանք: Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումն արդեն գտել ենք: Մենք ավելի շատ այս պահին ակնկալում ենք, որ, ընդհանուր առմամբ, հանգիստ է լինելու»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով նաև, թե տնտեսության առումով 2019 թվականին գրանցած արդյունքները Անվտանգության խորհրդին ինքնավստահություն են տալիս և ավելի շատ կայունություն կանխատեսում: