Իրանը հրապարակել է ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության առաջին արդյունքները

11:32 • 09.01.20

Թեհրանում երեկ առավոտյան կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը հրդեհվել է նախքան գետնին բախվելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի քաղավիացիայի կազմակերպության զեկույցին:

«Ինքնաթիռը հրդեհվել է օդում: Ականատեսների համաձայն` երևացել է կրակը և տարածվել ամբողջ մակերեսով»,- ասվում է փաստաթղթում:

Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տվյալներով՝ ինքնաթիռի թռիչքային ուղին ցույց է տալիս, որ անսարքությունից հետո անձնակազմը ցանկացել է վերադառնալ օդանավակայան և ինքնաթիռն այդ կողմ է թեքել:

Միևնույն ժամանակ, օդաչուներն անսարքության մասին չեն հայտնել:

Հիշեցնենք, որ դեպի Կիև թռչող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, օդանավը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: 

Վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Նախնական տվյալներով՝  վթարը տեղի է ունեցել շարժիչի այրման հետևանքով: