Ֆիլիպիններում միլիոնավոր բոկոտն կաթոլիկներ աղոթել են Մերձավոր Արևելքում խաղաղության համար (լուսանկարներ)
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներ հավաքվել են և աղոթել Մերձավոր Արևելքում խաղաղության համար, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ վերջին օրերին իրանա-ամերիկյան հարաբերությունների թեժացման ֆոնին տարածաշրջանում պատերազմի հավանականությունը մեծացել է:
Պարբերականը մանրամասնում է, որ կաթոլիկների զանգվածային աղոթքը տեղի է ունեցել աշխարհում խոշորագույն կաթոլիկ տոներից մեկի շրջանակում:
«Սև Նազովրեցին» կոչվող տոնի ժամանակ հավատացյալները քաղաքի փողոցներով բոկոտն տանում են Հիսուս Քրիստոսի՝ մի քանի հարյուր տարվա վաղեմություն ունեցող արձանը: Այդ ընթացքում մարդիկ փորձում են դիպչել արձանին: Բոլորն աղոթում են հիվանդների և կարիքավորների համար:
Հունվարի 9-ի առավոտյան մեկնարկած տոնին մասնակցելու է մոտ 4 մլն մարդ: Այն կավարտվի ուշ գիշեր, երբ Քրիստոսի արձանը կվերադարձվի եկեղեցի:





















