Մարտի 15-ին իմ որդու սպանության 15 տարին կլրանա, ևս 15 տարի սպասե՞մ, որ բացահայտեն, սպասեմ այնքան, մինչև մենք էլ մեռնե՞նք. սևազգեստ մայր (տեսանյութ)
Տարին նոր է սկսվել, սակայն արդեն երկու զոհ ունենք՝ ամսի մեկին և ամսի վեցին, ինչի՞ համար, իրենք ուրախանում են Նոր տարով, բայց ուրիշի ընտանիքները սև են կապում: Այս մասին կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը:
«Մենք պահանջում ենք արդար քննություն: Այսօր Արթուր Դավթյանի նմանները տաք-տաք նստում են սենյակներում, էնքան որ ժամանակ են կորցնում, ո´չ քննություն են անում, ո´չ սպանողներին հայտնաբերում: Մենք բացահայտ ասում ենք ամեն ինչ, ասում ենք՝ էս մարդիկ են սպանողները, բա թող անցնեն գործի»,- ասաց նա և հավելեց, որ իր որդու գործը վերաբացել են, ի՞նչ քննություն է ընթանում՝ ոչ մի, որովհետև համակարգը փչացած մնացել է:
Սևազգեստ մայրերից Նանա Մուրադյանն էլ ասաց, որ իրեն պետք չէ քննություն: «Արդեն տասը տարի է, ինչ քննություն է գնում, ինչքա՞ն կարելի է: Այս գործերը բացահայտված են հենց առաջին օրվանից: Գոյություն ունի երկու քրեական գործ. Մեկը՝ հանցագործներից փողերը կորզելու համար է, մյուս քրգործը, որ կազմել են, մեր աչքերին թոզ փչելու համար է»,- ասաց նա:
Նանա Մուրադյանը ևս այն կարծիքին է, որ թեև իշխանություն է փոխվել, սակայն
համակարգը նույնն է մնացել, դրա համար չեն բացահայտում: «Պետք է համակարգը փոխվեր, որ բացահայտեին: Մարտի 15-ին իմ տղայի սպանության 15 տարին կլրանա, ևս 15 տարի սպասե՞մ, որ բացահայտեն, սպասեմ այնքան, մինչև մենք էլ մեռնե՞նք: Այսօր զինվորի սպանողը հայրենիքի դավաճան է, պարո´ն Փաշինյան, դիմում ենք Ձեզ, հերիք եղավ, պատասխանատվության ենթարկեք ամբողջ զինվորական համակարգը, իրավապահ համակարգը, սրանք հանցագործներ են, որոնք կոծկել են զինվորների սպանությունը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










