ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զուգարանների հարցը. վարչապետ
Կառավարության՝ այս տարվա առաջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե 2019 թվականը հաջողված տարի էր։ Ըստ նրա՝ 2017-18 թվականներին հաջողվել է լուծել կարճաժամկետ խնդիրներ և հիմա ավելի շատ ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակն է:
«2020 թվականը բավական լավ ենք սկսել և նորացված հայեցակարգը, որն առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն. և՛ ամանորյա օրերին, և՛ ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանում և ընդհանրապես Հայաստանում: Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան ամանորյա տոնակատարությունների հետ կապված միջոցառումները»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մյուս տարվա ամանորյա միջոցառումներին այս պահից է պետք պատրաստվել: Նա հայտնեց, որ այս տարի նախատեսում են Յարխուշտայի փառատոն անցկացնել: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց մեկ անձից արվող գնումների պրակտիկան
նվազագույնի հասցնելու խնդիրը։ Ըստ նրա՝ այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ 2020 թվականը զբոսաշրջության առումով ավելի լավ տարի է լինելու: «Այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ սպասարկման որակի առումով, ընդհուպ սկսած տաքսու վարորդներից և ավարտած մնացած օղակներից պետք է ծրագրեր ունենանք շփման որոշակի կուլտուրա սերմանելու ուղղությամբ: Այստեղ հազար դրամ ավել կամ պակաս տանելու խնդիր չէ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար տեղեկատվական թերթիկներ պետք է պատրաստել, այդ թվում՝ տաքսի ծառայությունների գների վերաբերյալ: ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զուգարանների հարցը»,-ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք զուգարանների սանիտարական և քաղաքաշինական նորմեր կան, և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից ստացավ դրական պատասխան: Վերջինս ներկայացրեց, որ կան ստանդարտներ հիգիենիկ պահանջների վերաբերյալ, առաջիկայում կլինեն հաստատված նորմեր և կանդրադառնան օրենսդրական կարգավորումներին, որտեղ կնախատեսվեն տուգանքների չափերի մեծացում ընդհուպ գործունեության դադարում կլինի:
«Մենք համբերատար աշխատել ենք, բայց եկել է այն փուլը, որ պարտադրանքի լեզվով պետք է խոսենք: Այստեղ ընդհուպ պետք է մեխանիզմներ գտնել և բոլոր այն օբյեկտների գործունեությունը, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում, նույնիսկ կասեցնել»,-ասաց վարչապետը:










