«Առաջին փուլում 35 զինվորական ենք ուղարկել Լիբիա». Էրդողան

09:28 • 09.01.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած և Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր խորհրդի նիստին տեղեկացրել է, որ Թուրքիան առաջին փուլով 35 զինվորական է ուղարկել Լիբիա: Այս մասին տեղեկացնում է demokrathaber.org կայքը:

Թուրք առաջնորդը նշել է, որ իրենց զինվորականները Լիբիայում չեն մասնակցելու ռազմական գործողություններին և զբաղվելու են Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ռազմական գործողությունների համակարգմամբ:

«Թուրքիան այնտեղ կզբաղվի համակարգմամբ: Մեր զինվորականները կռիվներին չեն մասնակցելու: Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության` մեզ ուղղված խնդրանքի համաձայն` մեր զինվորականներն ուսուցողական աշխատանքներ են կատարելու կառավարական ուժերի հետ: Կլինի այնպես, ինչպես Սիրիայում է»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ Էրդողանը հաստատել էր Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև կնքված ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Թուրքական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում Էրդողանին Լիբիա զորք ուղարկելու մանդատ տալու օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 184-ը: Դեկտեմբերի 26-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնության վերաբերյալ պաշտոնական խնդրանքով դիմել էր թուրքական կողմին:  

Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: