ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անցել է պարտականությունների կատարմանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի կողմից կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակված Ստանիսլավ Զասն անցել է պարտականությունների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Հաշվի առնելով, որ 2020 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը՝ նոր գլխավոր քարտուղարին աշխատակազմին է ներկայացրել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Դիմելով քարտուղարության աշխատակիցներին` Զասը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է:
«Իմ հիմնական առաջադրանքն այն է, որ ազնվորեն և բարեխղճորեն կատարեմ ինձ վրա դրված պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ավելի արդյունավետ ծառայել իր անդամ պետություններին և ժողովուրդներին»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնից Ստանիսլավ Զասին ազատելու մասին հրամանագիրը՝ կապված վերջինիս այլ աշխատանքի անցնելու հետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020-ի հունվարի մեկից ռոտացիոն կարգով անցել է Բելառուսի ներկայացուցչին:










