Աբխազիայում ցուցարարները հայտարարել են, որ չեն հեռանա նախագահի նստավայրից, պահանջը նույնն է` պետության ղեկավարի հրաժարականը

02:53 • 10.01.20

Սուխումում ավելի քան 100 ցուցարար շարունակում է գտնվել նախագահի նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են գործող նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը: Ոստիկանությունը նրանց գործողություններին չի խոչընդոտում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Մենք այստեղ կմնանք ողջ գիշեր, որպեսզի կանխենք շենքի գրավումը»,- ասել է ցուցարարներից մեկը:

Նշվում է, որ ընդդիմությունն ուշ երեկոյան ցուցարարներին սնունդ է բերել: Ցուցարարների մի մասը շարունակում է գտնվել շենքի ներսում:

Ավելի վաղ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի արդյունքում երկրի ղեկավարն ուժային կառույցները բերել է ուժեղացված ռեժիմի: Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ դրություն կհայտարարի:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցի պատճառ է դարձել 2019-ի նոյեմբերին Սուխումի ռեստորաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգությունը, ինչպես նաև երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակն ու կոռուպցիան:

Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստում դիմել էր երկրի նախագահին ՝ հրաժարական տալու առաջարկով: Նախագահը կոչ էր արել ընդդիմությանը բանակցություններ վարել և նշել էր, որ խորհրդարանի դիմումը, ընդհակառակը, կարող է սրացնել իրավիճակը երկրում: Հաջիմբան քաղաքացիներին կոչ է արել հանգստություն պահպանել և չտրվել սադրանքների: