ԱՄՆ-ն իր ներկայացուցչին կուղարկի Իրան` ուկրաինական ինքնաթիռի ավիավթարի հետաքննությանը մասնակցելու համար
ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը կմասնակցի Իրանում ուկրաինական միջազգային ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետաքննությանը: Այս մասին գրված է գերատեսչության հայտարարությունում, որը փոխանցում է TACC գործակալությունը:
Նշվում է, որ գերատեսչությունը «պաշտոնական հաղորդագրություն է ստացել Իրանից»` ինքնաթիռի կործանման մասին և կուղարկի իր ներկայացուցչին ՝ հետաքննությանը մասնակցելու համար:
Ավելի վաղ CBC-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը խոցվել է հրթիռի կողմից: Ավելի ուշ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ իր երկիրն ունի հետախուզական տվյալներ առ այն, որ Թեհրանում կործանված Boeing 737-800-ը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից:
Իրանական կողմը հերքում է այս տեղեկատվությունը և ողջունում է հետաքննությանը մասնակցել ցանկացող մյուս պետություններին, որոնց քաղաքացիները ողբերգական իրադարձության զոհ են դարձել:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում են եղել Իրանի, ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:










