Ղրղզական գյուղի բնակիչներին տարհանել են` Տաջիկստանի հետ սահմանին հրաձգության պատճառով

11:35 • 10.01.20

Ղրղզական գյուղի բնակիչներին տարհանել են` Տաջիկստանի հետ սահմանին առաջացած կոնֆլիկտի պատճառով: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Ղրղզստանի Բաթքենի մարզային վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Տաջիկստանին սահմանամերձ Կոկ Թաշ ղրղզական գյուղի բնակիչներին ժամանակավորապես իրենց տներից տեղափոխել են դպրոցի շենք` նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ անվտանգ վայր են տեղափոխվել նաև սահմանամերձ Դահմա շրջանի բնակիչները:

Լույս հունվարի 10-ին, Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության տվյալներով, անհայտ անձինք քարեր են նետել ղրղզական կողմ` մի քանի մեքենաների և տների վրա: Դեպքի վայր ժամանած սահմանապահների ուղղությամբ փոքր տրամաչափի զենքերից կրակ է բացվել Տաջիկստանի կողմից:

«Ներկայիս դրությամբ հրաձգությունը դադարել է: Ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը բնութագրվում է որպես հարաբերականորեն կայուն` լարվածության տարրերով: Բաթքենի մարզի սահմանապահներն ուժեղացված ծառայություն են իրականացնում»,- տեղեկացրել են սահմանապահ ծառայությունից:

Ղրղզա-տաջիկական սահմանը ժամանակ առ ժամանակ բախումների թատերաբեմ է դառնում տեղի բնակիչների կամ երկու պետությունների սահմանապահների միջև: Հիմնական պատճառը երկու երկրների միջև չսահմանազատված մասն ու վիճելի տարածքներն են: