«Եվրատեսիլ»-ի մասնակիցները հաջորդ տարի ելույթ կունենան նոր երգերով. յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի՝ ուղարկել նույն մասնակցին, թե՞ նոր ընտրություն կատարել
«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի մասնակիցները չեն կարող հանդես գալ արդեն ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր կատարումներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մրցույթի մամուլի ծառայությանը:
«Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Որոշում է կայացվել, որ մասնակիցները պետք է ներկայանան նոր երգերով»,- գրված է հայտարարությունում:
Կազմակերպիչներն ընդգծել են, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշում կկայացնի իր մասնակցի ընտրության հարցում:
«Յուրաքանչյուր հեռարձակող երկիր ինքը կարող է որոշել, ուղարկել նույն մասնակցի՞ն, թե նոր մասնակից ընտրել»,- հավելել են նրանք:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Ռոտերդամում նախատեսված «Եվրատեսիլ-2020»-ը չեղարկվել էր: Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը:










