Մարդիկ ասում են՝ եթե խնդիր լինի, ԱԺ-ում նիստեր չեն անի, եթե անում են՝ լուրջ չեն վերաբերվում, մենք ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվենք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

12:34 • 24.03.20

Իմ առաջարկը երեկ մտքումս ծնվել է վարչապետի հայտարարությունից հետո, երբ գիշերը հայտարարեց, որ այսօր ավելի խստացվելու են միջոցառումները ռեստորանների, սրճարանների հետ կապված, շինարարությունները, տեքստիլն է դադարեցվելու. Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստին առաջարկել էր քաղաքական համաձայնության գալ, չհաստատել նիստի օրակարգը, արտակարգ դրությունից հետո նիստը կգումարեին այն կետից սկսած, որտեղից կանգնել էին և խորհրդարանն աշխատի միայն արտակարգ դրության մասին օրենքների շուրջ:

«Ես կարծում եմ՝ խորհրդարանի օրակարգում այսօր չկան այնպիսի հարցեր, որոնք հրատապ են, իսկ խորհրդարանը կարող է քաղաքական համաձայնության արդյունքում չգումարել նիստեր՝ քվորում չապահովելով: Առաջարկում էի, որ ԱԺ խորհուրդը՝ մեկը ես, ԱԺ նախագահը, փոխխոսնակները, հանձնաժողովի նախագահնեը, ֆրակցիայի ղեկավարները մնան շենքում, մնացածին ուղարկենք տուն և օպերատիվ կապի միջոցներով կապ պահենք բոլորի հետ և եթե անհրաժեշտ լինի, հավաքվենք և նիստ անենք: Սրա մասին էր առաջարկը, ոչ թե՝ ես գնամ տանը նստեմ, մնացածը աշխատեն»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նշեց, որ առաջարկը լավ չընդունվեց և առիթ դարձավ ինչ-որ մարդկանց համար հերոսանալու, որ իրենք կաշխատեն:

Դիտարկմանը, որ առաջարկն այն մասին էր, որ վարակը չտարածվի, բայց ինքը տարրական կանոները չի պահպանում, օրինակ՝ դիմակ չի կրում, պատգամվորն ասաց. «Ես անդադար սպիրտով և այլ միջոցներով ձեռքերս լվանում եմ: Դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է, բազմաթիվ նյութեր էլ եմ կարդացել, եթե մի մարդ էլ հիվանդ լինի այստեղ բոլորն էլ վարակվելու են. ցուցումը հետևյալն է՝ մի՛ հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցները կիրառեք, բայց եթե դու առաջին՝ հավաքվելու ցուցումը խախտում ես, մնացած ցուցումներն անիմաստ են դառնում, հետևաբար, քանի որ մենք հավաքված ենք, անիմաստ է այստեղ դիմակներով ման գալը»:

Էդմոն Մարուքյանը նաև հնշեց, որ ողջունում է վարչապետի քայլը որ հրահանգել է՝ սրճարանները, ռեստորանները չաշխատեն. «Երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի՛ հավաքվեք ,այդ կանոնը պետք է վերաբերի բոլորին, ես շատ եմ լսել, սոցցանցերում էլ ասում են՝ եթե խնդիր լինի խորհրդարանում նիստեր չեն անի, եթե նիստեր են անում, իրենք լուրջ չեն վերաբերվում, երբ իրենք լուրջ չեն վերաբերվում, քաղաքացիներն ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվեն»,- նշեց նա: