Աստված չանի՝ այդ օրը ընկնեմ, որ Ձեր հույսին մնամ. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

12:03 • 24.03.20

Այսօր, երբ Ազգային ժողովը կողմ քվեարկեց ԱԺ գումարվող հերթական նիստերի օրակարգի երկրորդ բաժինը ընդունելու մասին հարցին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով հանդես եկավ:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը առաջարկ էր հնչեցրել և ասել. «Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել՝ ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել ևս՝ որևէ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ»:

Էդմոն Մարուքյանը վարման կարգով ասաց, որ ԱԺ խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետը արտակարգ հայտարարությամբ հանդես է եկել և իր առաջրակը բխում է երկրում խստացվող իրավիճակից: «ԱԺ խորհրդի նիստին մենք քննարկել ենք, որ 60 տարեկանից բարձր պատգամավորները կամ խորհրդարանի աշխատողները կարող են չգալ: Դրա մասին չէ խոսքը, Մխիթար ջան, դրա համար հարցը, որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք »,-ասաց նա՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ պայմանավորվել էին այդ մասին չբարձրաձայնել, որ 60 տարեկանից բարձր պատգամավորները կարող են չգալ:

Վարման կարգով խոսեց նաև Մխիթար Հայրապետյանը և ասաց, որ եթե քաղաքական պայմանավորվածության մասին էր խոսքը, կարելի էր ոչ թե ամբիոնից ներկայացնել, այլ 3 խմբակցությունների ղեկավարներին հրավիրել, խոսել: «Ոչ թե գալ և ասել, որ ես կարող է և ինքնահաստատվում եմ Ձեր հաշվին, Աստված չանի, այդ օրը ընկնեմ, որ Ձեր հույսին մնամ»,-ասաց նա: