Թուրքիային ԵԽ-ում քննադատել են քրդամետ կուսակցությունը ներկայացնող համայնքապետերի ձերբակալության համար
Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով նոր զեկուցող Նաչո Սանչես Ամորը Twitter-ի իր էջում անդրադարձել է նախօրեին Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 5 համայքնապետերի ձերբակալությանը և կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի կառավարության` համաներում անցկացնելու մասին որոշմանը:
«Դժվար է տեսնել ու հասկանալ, որ նույնիսկ այս ծանր պահին կառավարությունը շարունակում է փլուզել տեղի ժողովրդավարությունը` դեմ գնալով վերջին ընտրություններին ժողովրդի արտահայտած կամքին»,- գրել է Ամորը:
Զեկուցողը նշել է նաև, որ ըստ որոշ լուրերի` բանտերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Թուրքիայի կառավարությունը մտադիր է ներում շնորհել մեծաքանակ կալանավորների:
Ամորի խոսքով՝ սա ապօրինաբար ձերբակալված հարյուրավոր մարդկանց (լրագրողներ, մտավորականներ, փաստաբաններ ու իրավապաշտպաններ) ազատ արձակելու շատ լավ հնարավորություն է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 5 համայնքապետ: Թուրքիայի արևելյան շրջանների` Բաթմանի, Սիլվանի, Էրգանիի, Լիջեի և Էղիլի ընտրված համայնքապետերը մեղադրվում են ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածներով:
2019 թվականի մարտի 31-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում քրդամետ կուսակցությունը հաղթանակ էր տարել 65 համայնքում: Մեկ տարվա ընթացքում նշված 65 համայնքների ղեկավարներից 36-ը ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածներով ձերբակալվել են ու ազատվել պաշտոններից, նրանց փոխարեն նշանակվել են պետական կառավարիչներ:
2) It’s very hard to see and understand how even in this harsh times the Government continues to undermine local democracy by going against the democratically expressed will of the people in the last elections #HDP
— Nacho Sánchez Amor (@NachoSAmor) March 23, 2020










