Արթուր Խաչատրյանը դատական կարգով վերականգնել է Էկոնոմիկայի նախարարությունում աշխատելու իրավունքը, դատավորը նախարարությանը պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդի համար
2018 թվականի նոյեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարարության կից տուրիզմի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Արթուր Խաչատրյանն այսօր դատարանի միջոցով վերականգնել է աշխատանքային իրավունքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
«Մեկուկես տարվա ընթացքում իմ ու իրավաբանների համառ ջանքերից հետո Հայաստանի Հանրապետության վարչական դատարանն իր 31.03.2020 թվականի վճռով թիվ ՎԴ/1278/05/19 գործի վերաբերյալ որոշեց բավարարել իմ հայցը՝ անվավեր ճանաչել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 12.11.2018թ. թիվ 1022-Ա հրամանը, որպես հետևանք պարտավորեցնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերականգնել ինձ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե նախագահի առաջին տեղակալի պաշտոնում, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 12.11.2018թ. մինչև փաստացի աշխատանքում վերականգնելու պահը վճարել միջին աշխատավարձը, հօգուտ ինձ բռնագանձել պետական տուրքի և դատական ծախսի գումարները»,- ասաց նա:
Tert.m-ի հետ զրույցում Խաչատրյանն ավելի վաղ ասել էր, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառը, եղել է այն, որ այդ պաշտոնում պետք է լինի իրենց /իշխող ուժ, խմբ./ թիմակիցը:










