Տեղաշարժման թերթիկ չունենալու պատճառով ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացին ՀՔԾ հաղորդում է ներկայացրել ոստիկանների գործողությունների վերաբերյալ. հարուցվել է քրգործ

14:53 • 03.04.20

Մալաթիայում օրեր առաջ՝ կեսգիշերին, ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգման ենթարկվելու դեպքի վերաբերյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Դեպքը տեղի էր ունեցել, արտակարգ դրության պայմաններում, տեղաշարժման թերթիկ չունենալու պատճառով:

Tert.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից տեղեկացավ, որ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:
«Քաղաքացու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»-ասաց Օհանջանյանը:

Նշենք, որ ավելի վաղ Tert.am-ին Տիգրան Կարապետյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Տիգրան Կարապետյանը ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգվելու վերաբերյալ հաղորդու է ներկայացրել:

Հատուկ քննչական ծառայությունը, փաստորեն քրեական գործը հարուցել է ոչ խոշտանգման հոդվածով: ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, որով ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ, սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանները նշել էին, որ բերման ենթարկվելիս՝ քաղաքացին խոշտանգվել է, ոստիկանությունն էլ հերթին տեսանյութ էր տարածել, որում երևում է, որ ոչ սթափ վիճակում բերման ենթարկված քաղաքացին հայհոյանքներ է հնչեցնում ոստիկանության ծառայողի հասցեին, ոստիկանության օպեր լիազորի աչքը վնասված է:

Քաղաքացուն՝ Տիգրան Կարապետյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րոդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: