«Կորոնավիրուսի՝ տնային պայմաններում բուժման արձանագրությունը պատրաստ է». Վրաստանի առողջապահության նախարար

15:39 • 08.04.20

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի՝ տնային պայմաններում բուժման արձանագրությունն արդեն պատրաստ է: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Տնային պայմաններում բուժման արձանագրությունը պատրաստ է: Այդ բուժումը կլինի ինչպես ախտանիշային, այնպես էլ ստացիոնար: Ինչպես մենք գիտենք, կորոնավիրուսով վարակման դեպքերի 80%-ը թեթև է անցնում և դրանց բուժումը հասանելի է կարանտինային գոտիներում»,-հայտարարել է Տիկարաձեն ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել էր, որ ելնելով Վրաստանում գրանցված վարակման դեպքերի թվից՝ Վրաստանն աստիճանաբար կանցնի վարակվածներին տանը բուժելու ռեժիմին:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 208 դեպք, երեք մարդ մահացել է, 48-ը` առողջացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: