Սի Ծինփինը կորոնավիրուսի 2-րդ ալիքի վտանգի ֆոնին չինացիներին նախազգուշացրել է «նոր դժվարությունների և մարտահրավերների» մասին․ CNN
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգի մասին, քանի որ համաշխարհային համավարակը շարունակում է ընդլայնել իր սահմանները, գրում է CNN-ը՝ «Սինխուա» պետական լրատվական գործակալությանը հղումով։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նիստում Սի Ծինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում աճող ճնշման ֆոնին ուժեղանում են «անկայուն և անորոշ գործոնները»:
«Նոր դժվարություններ և մարտահրավերներ են առաջացել Չինաստանում աշխատանքի վերսկսման և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - հայտարարել է Ծինփինը։
Նա նաև Չինաստանի իշխանություններին կոչ է արել ուշադիր հետևել արտասահմանից եկած և հիվանդությունը կրող քաղաքացիներին և թույլ չտալ հիվանդության նոր տարածում։
Վերջին տվյաներով՝ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 81 865 դեպք, որոնցից 3 335-ը՝ մահվան ելքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:










