Ուզում են 500 000 դրամ ստանալով՝ նախարարը, փոխնախարարը, պատգամավորները մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ, նվիրյալներ լինեն. Լենա Նազարյան

13:55 • 09.04.20

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը:

«Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent fund/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են»,-գրել է Զառա Հովհաննիսյանը։

Գրառման տակ քննարկում է ծավալվել, որին միացել են նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը:

«Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,-գրել է Լենա Նազարյանը։

Պատասխանելով օգտատերերից մեկի դիտարկմանը, որ նախարարը որպես աշխատավարձ մեկ ամսում ստանում է այնքան, օրը 12 ժամ գործարանում կանգնած աշխատող, սառը պանելի վրա թունավոր համեմունքներ փաթեթավորող, շաբաթական 6,5 օր աշխատող, օրվա մեջ 2 անգամ 15 րոպեանոց ընդմիջում ունեցող կինը՝ 23 ամսում՝ Լենա Նազարյանը գրել է.«Դու պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը։ Հա, դա նստած է անում ի տարբերություն ամբողջ օրը ոտքի վրա աշխատող մարդու, բայց նրան կարող են դատել սխալի համար։ Պատասխանատվության մասը լիովին անտեսում եք։ Ու սա շատ վատ է։ Շատ վատ է»:

Պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանի մեկնաբանությանը՝ Լենա Նազարյանը գրել է «Դե բնականաբար հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։