Գազի հարցով ռուսական կողմին ուղղված նամակի պատասխանը դեռ չկա․ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր կա, կարծում եմ՝ պատասխանը կլինի քիչ ավելի ուշ․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ դեռևս չի ստացել «Գազպրոմ» ընկերության ղեկավարին մարտի 31-ին ուղարկված նամակի պատասխանը։
«Դեռևս նամակի պատասխանը չկա։ Աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, այդ իմաստով, կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 31-ին Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը։ Նամակում, մասնավորապես, ասվում էր, որ պատեհաժամ է Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը:
Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» կողմից սպառողների համար գազի սակագինը բարձրացնելու Հանրային ծառայաթյունները կարգավորող հանձնաժողով ուղարկված հայտին, Մհեր Գրիգորյանը նշեց․ «Այն հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները սկսվեն հանրային կերպով և բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան դրանք»։










