«Հնարավոր է՝ մենք խիստ սահմանափակումներ մտցնենք ամբողջ երկրում, ոչ թե առանձին շրջաններում». Գախարիա

16:59 • 09.04.20

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու նպատակով կարանտինի ռեժիմը, հնարավոր է, խստացվի ամբողջ երկրի տարածքում, այլ ոչ թե առանձին շրջաններում: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Արդեն տեսանելի է, որ երկրում աճում են տարածքային վարակման դեպքերը: Մենք, հնարավոր է, որոշենք խստացնել քայլերն ամբողջ երկրի տարածքում, այլ ոչ թե առանձին շրջաններում, քանի որ Քոբուլեթիում արդեն շատ լուրջ դեպքեր կան, այդպիսի դեպքեր կան նաև Լենտեխիում, Սամեգրելոյում, մի քանի դեպք էլ գրանցվել է Բաթումիում»,-տեղեկացրել է Վրաստանի վարչապետը:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 214 և մահվան 3 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: