Ղազախստանի ծերանոցներից մեկում կորոնավիրուսի բռնկման օջախ է հայտնաբերվել

11:55 • 09.04.20

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանից ոչ հեռու գտնվող Ակմոլինյան շրջանի ծերանոցներից մեկի 13 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով  մարզային առողջապահության վարչության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Ակմոլինյան շրջանի մարզային առողջապահության վարչության ղեկավար Սուլեն Իլյասովը տեղեկացրել էր կորոնավիրուսի հետևանքով մահվան երկու դեպքի մասին:

«Կորոնավիրուսի 13 նոր դրական պատասխան է ստացվել: Բոլոր հիվանդները հատուկ սոցիալական ծառայություններից օգտվողներ են (ծերանոցում): Ամենատարեց հիվանդը 99-ամյա կին է»,ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ անալիզներ էին վերցվել ծերանոցի բոլոր 216 բնակչից ու աշխատակցից: Այսպիսով, այս օջախում կորոնավիրուս է հաստատվել արդեն 34 մարդու մոտ, վարակվածների թվում է նաև ծերանոցի 1963 թվականին ծնված մի աշխատակցուհի:

Վերջին տվյալներով՝ Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 759 դեպք, որից 7-ը` մահվան ելքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: