Ամազոնիայի՝ աշխարհից մեկուսացած ցեղախմբում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը․ CNN

11:49 • 11.04.20

Բրազիլիայի հյուսիսում գտնվող արևադարձային անտառներում բնակվող Յանոմամա հնդկացիական ցեղախմբում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը, գրում է CNN-ը։

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Ռեհեբե գյուղի բնակիչ 15-ամյա տղան մահացել է։

Ավելի վաղ առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետան հաղորդել էր, որ Յանոմամա հնդկացիական ցեղախմբում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, և 15-ամյա վարակակիր տղան գտնվում է Բոա Վիստա քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

«Այո, հաստատվել է առաջին դեպքը, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Ստեղծված իրավիճակում մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք հենց բնիկների համայնքներին, որոնք շատ քիչ շփումներ ունեն արտաքին աշխարհի հետ»,- ասել էր քաղաքական գործիչը։ 

Բրազիլիայի Սոցիալ-էկոլոգիական ինստիտուտը հաղորդում է, որ վիրուսը ցեղախմբում տարածվել է հանքափորների միջոցով, որոնք ապօրինի մուտք են գործում բնիկ ժողովուրդների տարածքներ:

«COVID-19-ի տարածման հիմնական պատճառն, անկասկած, ավելի քան 20 000 անօրինական հանքագործներ են, որոնք մտնում և դուրս են գալիս այդ տարածքից առանց որևէ վերահսկողության»,-ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:

«Բնիկ ժողովուրդները 16-րդ դարից առերեսվել են սպիտակամորթների տարածած համավարակներին։ Այժմ, կորոնավիրուսի ի հայտ գալով, սպառնալիքը վերադարձել է»,- գրել է բրազիլական O Globo պարբերականը։

Յանոմաման հնդկացիական ցեղախումբ է, որն ունի ավելի քան 38 000 ներկայացուցիչ: Ցեղախումբը բնակվում է Բրազիլիայի հյուսիսում: Մինչև 1950-ական թվականները նրանք գործնականում ամբողջովին կտրված են եղել արտաքին աշխարհից: 1970-ական թվականներին տեղի ցեղերը գրեթե մահացել են գրիպի և տուբերկուլյոզի համաճարակից։

The 15-year-old boy from the Yanomami indigenous tribe lived in a remote village such as this one.