Ռուսական գաղութում բանտարկյալներն ի նշան բողոքի խռովություն են կազմակերպել՝ կտրելով իրենց երակները և հրդեհելով տարածքը (լուսանկարներ, տեսանյութ)
ՌԴ Իրկուտսկի մարզի թիվ 15 գաղութում դատապարտյալները խռովություն են կազմակերպել բանտարկյալներից մեկի՝ աշխատակցի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Այս մասին հայտնում է Իրկուտսկի մարզի իրավապաշտպանների խորհուրդը։
Կազմակերպության տվյալներով՝ ապրիլի 9-ին 17 դատապարտյալներ կտրել են իրենց երակները՝ ի նշան բանտի աշխատակիցների կողմից անօրինականությունների դեմ բողոքի:
Անդրեյ անունով բանտարկյալը տեսաուղերձ է նկարահանել՝ պատմելով, որ ծեծի է ենթարկվել բանտի աշխատակցի կողմից, այնուհետև կտրել է երակը։
Ըստ հաղորդման՝ դրանից հետո դատապարտյալը կրկին ծեծի է ենթարկվել, որից հետո ըմբոստացել են նաև մյուս դատապարտյալները։ Հաղորդվում է, որ դատապարտյալները հրդեհել են բանտի արդյունաբերական գոտին և հերթապահ մասը։
Իրավապաշտպանների տվյալներով՝ Իրկուտսկի մարզի պատիժների կրման դաշնային ծառայության վարչության պետը «հրաման է տվել հաշվեհարդար տեսնել դատապարտյալների հետ»՝ գաղութի աշխատակիցների նկատմամբ ստուգումներ անցկացնելու հրամանի փոխարեն, որոնք անօրինական կերպով ֆիզիկական ուժ են կիրառել դատապարտյալների նկատմամբ:














