Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի կտրուկ նվազում է նկատվել

17:59 • 11.04.20

Իսպանիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսից մահվան 510 դեպք, հայտնում է El Pais հրատարակությունը՝ հղում տալով իսպանական առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։

Նշվում է, որ սա մարտի 23-ից հետո գրանցված մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն է․ նախօրեին հաղորդվել էր, որ գրանցվել է մահվան 610 դեպք, իսկ դրան նախորդող օրը՝ 683 դեպք։

Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 162 000 հաստատված դեպք, որից 4830-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում (+3%)։

Իսպանիայում համավարակի սկզբից մահացել է 16 353 մարդ։ Երկրում հիվանդությունից ապաքինվել է 59 109 մարդ, որը 3500-ով ավելի է ուրբաթ գրանցված ցուցանիշից։

Միևնույն ժամանակ նշվում է, որ իրականում հիվանդությունից մահվան դեպքերի թիվը շատ ավելին է, քանի որ վիճակագրությունը հաշվում է հիվանդանոցներում մահացածներին և պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստ անցածներին։ Այս տվյալները չեն ներառում նաև ծերանոցներում և իսպանացիների առանձնատներում գրանցված մահվան դեպքերը։