Կրեմլում անդրադարձել են կորոնավիրուսի պատճառով Հաղթանակի օրվա միջոցառումների չեղարկման հարցին

20:06 • 11.04.20

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթի և մի շարք այլ միջոցառումների հետաձգման մասին որևէ որոշում չի կայացվել, հայտնում է lenta.ru կայքը։

Նրա խոսքով՝ Հաղթանակի օրվա շքերթը մաիսի 9-ին կամ որևէ այլ օր անպայման տեղի է ունենալու։

Ապրիլի սկզբին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կորոնավիրուսը կարող է Հաղթանակի օրվա առիթով Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին անցկացվելիք միջոցառումների ծրագրերը փոխել։ Կրեմլում և երկրի պաշտպանության նախարարությունում, իբր, սկսել էին միջոցառումների անցկացման այլընտրանքային սցենարներ դիտարկել։

Տեղեկություններ կային նաև, որ դիտարկվել էր շքերթն աշուն տեղափոխելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի միջոցառմանը կցելու սցենարը։

Սակայն երկրի պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ լուրերը և նշել, որ միջոցառման փորձերը դեռևս շարունակվում են և հերթական «պարապմունքը» տեղի է ունեցել ապրիլի 1-ին։