Պետությունը պետք է լրջորեն հաշվարկի իր ցանկացած քայլը, իշխանությունն էլ՝ քաղաքական հայտարարությունները․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Պարգևավճարների ֆոնդն անցած ամիս չի թակել բարձրաստիճան պաշտոնյաների գրպանի դուռը: Իհարկե, անտրամաբանական կլիներ նման բան անել, երբ երկրում ուրվագծվում է տնտեսական մշուշոտ հեռանկարը: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։
Գասպարյանը նշեց, որ վարչապետը վերջերս հայտարարել էր, որ անցած ամիս պարգևավճար չի եղել և այդ գումարն օգտագործվելու է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար․ «Այդ պարգևավճարները գոյանում են պետական գերատեսչության աշխատավարձի ֆոնդից: Նախորդ տարվանից սկսած` բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատողներն ամեն ամիս պարգևատրվում են՝ իրենց աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: Եվ պարգևատրվում են բոլորը՝ ամենակրտսերից մինչև բարձրաստիճան պաշտոնյա։
Պարզվում է, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի պարգևավճարից հրաժարվել է նաև մի քանի այլ կառույց՝ խորհրդարանը, Ոստիկանությունը ու այլ գերատեսչություններ, քաղաքապետարանը: Որոշ կառույցների աշխատակիցներ այդ քայլին գնացել են՝ ելնելով քաղաքացիական գիտակցությունից ու պատասխանատվությունից, որոշները՝ գուցե հասարակության հերթական վատ արձագանքին չբախվելու մտավախությունից, ուրիշներն էլ՝ պարզապես կատարել են վարչապետի հրամանը»:
Ըստ նրա՝ հազիվ թե գտնվի մեկը, որը կընդդիմանա աշխատավարձի բարձրացմանն ու պարգևավճարին․ «Բոլորս էլ ուզում ենք լավ ապրել: Մի պահ մեզ պատկերացնենք պետական կառույցում աշխատելիս. տալիս ես գիտելիք, փորձ, հմտություն, չես խնայում ժամանակդ, փոխարենը՝ պիտի լավագույնս վարձատրվես, պաշտոնդ բարձրանա, կատարելագործման համար արտերկիր գործուղվես: Սա բանաձև է, որն ընկած է արևմտյան բյուրոկրատիայի արդյունավետ գործունեության հիմքում»։
Գասպարյանն ընդգծել է, որ մեր քաղաքացիների դժգոհությունը սա չէ, այլ այն, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյան կարող է մի տարում պարգևատրվել 30 հազար դոլարով, իսկ թոշակառուի թոշակը բարձրանա երեք հազար դրամով:
«Կես միլիոնից ավելի թոշակառու կա մեր երկրում, մի միլիոնից ավելի էլ աշխատող: Չեմ կարծում, որ այստեղ մեխանիկական հաշվարկը կամ մաթեմատիկան կօգնի լուծել այս խնդիրը: Պետությունը պետք է լրջորեն հաշվարկի իր ցանկացած քայլը, իշխանությունն էլ՝ իր քաղաքական հայտարարությունները»,- ասել է Գասպարյանը:
Ամբողջական հաղորդումը՝ ստորև․










