Մարդկանց մոտ տպավորություն է, որ կորոնավիրուսը սովորական գրիպ է, կանցնի, սակայն այդպես չէ. Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ)
Որոշ մարդկանց մոտ կա տպավորություն, որ գրիպ է, էլի, կանցնի, իրականում այդպես չէ: Պարետատնից կա ցուցում, որ պետք է խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ: Վարակի հաղթահարումը միահամուռ աշխատանքով է լինում: Այս մասին հայկական միասնական տեղակատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման գործողությունները համակարգող օպերատիվ շտաբի ղեկավար Սերգեյ Հարությունյանը:
Հարցին՝ կոնկրետ ի՞նչ է անում Երևանի քաղաքապետարանը, քանի որ ԱԻՆ ղեկավարը նշել է, թե ԱԻՆ-ն է անում քաղաքի ախտահանման բոլոր աշխատանքները, Հարությունյանն ասաց, թե միայն ախտահանման աշխատանքները չեն, որ Երևանը կատարում է վարակի դեմ ուղղված միջոցառումների շրջանակում:
«Բավականին մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում արտակարգ ռեժիմով, ԱԻՆ-ի հետ համագործակցությունը շատ սերտ է՝ անկախ արտակարգ դրությունից: Նրանց միջոցով ախտահանովում են կանգառները: Դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը Երևանի տրանսպորտային միջոցներն ախտահանվել են Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ և միջոցներով»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը նշեց՝ Երևանի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակներն ախհատանվում են առավոտյան վաղ ժամերի:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ կարմիր գծերի տուգանքները հանվեն, քաղաքապետի տեղակալն ասաց. «Իրավական առումով չգիտեմ՝ ինչու պետք է հանվեն: Նկատել եմ, որ քաղաքում վարորդները, գիտակցելով, որ մեքենաների քանակը քչացել է, շատ ավելի վթարային և արկածախնդիր ձևով են վարում»,-նշեց նա:
Հարցին՝ Երևանի ենթակայության տակ գործող մեկուսարան կա՞, Հարությունյանն ասաց, որ չկա, իսկ Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան հատվածը, որը վերազինվել է և միայն կորոնավիրուսի դեմ պայքարի համար է աշխատում:
Անդրադառնալով տաքսիների ախտահանման մասին հարցին՝ Հարությունյանը պատասխանեց, թե քանի որ դրանց մեծ մասը մասնավոր ընկերություններ են, և շատերն էլ չգրանցված տաքսի ծառայություն կատարողներ են, քաղաքապետարանը ախտահանում իրականացնել չի կարող, սակայն փոխքաղաքապետը հորդորեց օգտվել միայն այն տաքսի ծառայություններից, որոնց վարորդները կրում են դիմակ, օգտագործում ախտահանիչ նյութեր:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ, անդրադառնալով հարցին՝ Երևանում սոցաջակցության ի՞նչ ծրագրեր են իրականացվել, և քանի՞ ընտանիքներ են օգտվել դրանցից, պատասխանեց, թե քաղաքապետարանն իր կամավոր լիազորություններն է իրականացնում այդ շրջանակում: «Քանի որ անկանխատեսելի էր այս իրավիճակը, և բյուջեում նախատեսված գումար չկար, գումարի նշանակությունը փոխվեց և շուրջ 45 միլիոն դրամ հատկացվեց սոցիալական աջակցության ծրագրին»,-ասաց նա՝ նշելով, թե շահառուները հիմնականում միայնակ տարեցներն են, որպեսզի նրանք տնից հնարավորիս քիչ դուրս գան:
«Մասնագետների խորհրդով կազմվել են պարենային և կենցաղային ապրանքների փաթեթներ. շուրջ 30 կգ-անոց արկղեր են, որոնք հանձնվել են 2000 տարեցների: Հաշվարկն արվել է այնպես, որ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի պահանջին»,-ներկայացրեց Կարապետյանը:










