ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարացվի, բայց երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Արտակարգ դրույթան ռեժիմը երկարացնելն անխուսափելի է, դա անհրաժեշտ է վարակի հետագա կանխարգելման համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կառավարությունը առաջիկա օրերի ընթացքում որոշումը կկայացնի:
«Համավարակը շարունակում է տարածվել, մեր խնդիրն է այնպես անել, որ միավոր ժանանակաշրջանում ունենանք հիվանդության քիչ դեպքեր: Հիմա մեր օրվա հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը գոհացուցիչ տվյալ ու ցուցանիշ է»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաև, որ պետք է պահպանվի տնտեսական կյանքը, ուստի չենք կարող ամբողջությամբ փակվել: «Արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսության, անտառային տնտեսության ձկնաբուծության, հանքարդյունաբերության, էլեկտրականության, ջրամատակարարման, կոյուղու, փոխադրումների, պահեստային տնտեսության, առողջապահության, օտարերկրյա կազմակերպությունների և այլ ոլորտներ գործունեությունը»,- ասաց նա:
Վարչապետը տեղեկացրեց որ ապրիլի 13-ից կթույլատրեն բացօթյա շինարարական գործունեությունը, նաև ծխախոտային արտադրանքների արտադրությունը, ապրիլի 20-ից հետո կբացվի տեքստիլ ոլորտը: «Ամենառիսկայինը տեքստիլ ոլորտն է, որովհետև հիվանդերի մեծ մասը հենց այս ոլորտից է, բայց մենք հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն, ամեն ինչ կարվի, որ անվտանգ պայմաններում կազմակերպվի աշխատանքը»,- ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենք կարևոր, սրբազան նշանակություն ունենցող օրեր. «Առաջիկայում ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական պատերազմի օրը, այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, որևէ միջոցառման քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի: Այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, կանցկացնեն, նույնը վերաբերում է մայիսի 8-ին և 9-ին, մայիս 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:










