Կրկնակի դժբախտություն է, որ ԼԳԲՏ համայնքի հետ Արցախ մեկնելու ցանկություն ունեն նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի անդամները․ Գևորգ Պետրոսյան

11:57 • 11.04.20

Ես գիտեմ, որ արցախցին հպարտ և արժանապատիվ է և թույլ չի տա այս անհասկանալի տարրերի մուտքն իր պետություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով համացանցում տարածված տեղեկությունների մասին առ այն, որ ԼԳԲՏ համայնքից և «սորոսականներից» որոշ անձինք ինչ-որ գործունեություն ծավալելու նպատակով մեկնում են Արցախ:

Գևորգ Պետրոսյանը նշեց՝ հստակ տեղյակ չէ, թե նրանք ինչ նպատակներով են Արցախ գնում․ «Նրանց որևէ գործունեության հետ հույս կապել հնարավոր չէ, և վստահ եմ՝  արցախցին գտնվելու է իր դիրքերում և ուղղակի կանխելու է այդ կատեգորիաների մուտքն ու նախաձեռնություններն Արցախում»:

Ըստ պատգամավորի՝ այս ներկայացուցիչների կողմից որևէ դրական ազդեցություն չի տեսել: «Հակառակը՝ տեսել ենք, թե ինչպես են հարձակվում ոստիկանների վրա: Նրանք Հայաստանում ինչ արել են, դա էլ պատրաստվում են Արցախում անել: Պնդում էին, թե հեղափոխությունն իրենք են արել, գուցե նպատակ ունեն Արցախում էլ պառկել ասֆալտին և իրենց իրավունքների պաշտպանությունը պահանջել»:

Դիտարկմանը, թե Արցախում ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվելու և հնարավոր է՝ տվյալ համայնքի ներկայացուցիչները նպատակ ունեն այդ գործընթացին մասնակցել այնպես, ինչպես հեղափոխությանը, Պետրոսյանը պատասխանեց. «Վայ այն նախագահին, որը պիտի նրանց շնորհիվ ընտրվի: Նրանք կարող են ընտրություններին մասնակցել, եթե Արցախի քաղաքացի են, մենք իրավունք չունենք այդ հիմքով ընտրության իրավունքից զրկել, բայց եթե այդ կատերգորիան գնում է Արցախ՝ նախագահ կարգելու, ապա ես ուղղակի կարեկցում եմ այդ նախագահին»:

Պատգամավորը կրկնակի դժբախտություն համարեց այն, որ ԼԳԲՏ համայնքի հետ զուգահեռ Արցախ մեկնելու ցանկություն ունեն նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի անդամները: Ըստ նրա՝ ինչպես Հայաստանը նրանցից դրական քայլ չի տեսել, այդպես էլ Արցախը չի տեսնելու:

«Ընդհանրապես ժամանակն է, որ մեր երկիրը կարողանա իր հարցերն ինքնուրույն կարգավորել, որ բյուջեն չմնա սորոսականների հույսին»,- նշեց պատգամավորը։ Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել, որ Արցախում նրանց հիմնվելը կասեցվի, քանի որ նրանց մանր-մունր գործողությունները մեծ վնաս են տալիս հայկական արժեհամակարգին: «Նրանց «շնորհքն է», որ Երևանում արդեն տրանսգենդերը էլեկտրաշոկով մարդ է վնասում և թալանում: Նրանք այնպիսի բարքեր են ուզում Հայաստանում ստեղծել, որ մարդիկ հայրենիք չճանաչեն»,- դիտարկեց նա և որպես ամփոփում ասաց, որ այս համայնքների ներկայացուցիչների այցերը պատերազմող երկրում իսկապես վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ: