Հռոմի Ֆրանցիսկոս պապը Խաչելության երթն իրականացրել է Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ հրապարակում
Նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ավագ ուրբաթի ավանդական Խաչելության երթն անցկացրել է Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ հրապարակում, հայտնում է dw.com կայքը։
Սովորաբար երթը տեղի է ունենում Հռոմում՝ Կոլիզեյի պատերի մոտ, ամեն տարի արարողությանը ամբողջ աշխարհից հազարավոր ուխտավորներ են մասնակցում։ Սակայն այս տարի Ֆրանցիսկոս պապին ուղեկցել է կորոնավիրուսի համավարակից խիստ տուժած հյուսիսիտալական Պադույա քաղաքի բանտից հինգ բանտարկյալ, ինչպես նաև Վատիկանից հինգ բժիշկ ու բուժքույր։
Այսպես Հռոմի պապը ցանկացել է հարգել կորոնավիրուսի համավարակի զոհերի հիշատակը․ Իտալիայում ապրիլի 11–ի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մոտ 19 000 մարդ է մահացել։
Ավելի վաղ իտալական հեռուստաընկերությամբ հեռարձակվող ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակից զոհված բուժանձնակազմին համեմատել էր պատերազմում զոհված զինծառայողների հետ:
«Նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն սիրո»,- նշել էր կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
.png?1586603945822)
.png?1586603952020)











