ԱՄՆ-ում բնակիչները վերջին հինգ օրվա ընթացքում ավելի քան 330 միլիոն գլանակ զուգարանի թուղթ են գնել

15:55 • 11.04.20

 

ԱՄՆ-ում բնակիչները միայն վերջին շաբաթվա ընթացքում Walmart սուպերմարկետների ցանցից ավելի քան 330 միլիոն գլանակ զուգարանի թուղթ են գնել, որը հավասար է երկրի յուրաքանչյուր քաղաքացուն հասանելիք մեկական գլանակի, այս մասին ամերիկյան Today հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտնել է Walmart-ի ղեկավար Դուգ Մաքմիլոնը։  

«Վերջին հինգ օրվա ընթացքում մենք այնքան զուգարանի թուղթ ենք վաճառել, որ յուրաքանչյուր ամերիկացու մեկ գլանակ կարող էինք ապահովել․ և դա միայն վերջին հինգ օրվա ընթացքում»,- նշել է առևտրային ցանցի ղեկավարը։

Մաքմիլոնը կոչ է արել ամերիկացիներին՝ ապրանքները միանգամից չգնել, քանի որ դրա հետևանքով խանութներում պակասություն է առաջանում․ դրա փոխարեն նա առաջարկել է կանոնավոր կերպով, օրինակ՝ շաբաթական մեկ անգամ գնալ գնումների։ 

Նա նաև նշել է, որ սուպերմարկետներում ապրանքների՝ այդ թվում ախտահանող միջոցների մատակարարումները չեն դադարում։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն շարունակում է գլխավորել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների թվով ցուցակը։ Երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 500 000 դեպք, որից 18 761-ը՝ մահվան ելքով։