Ջուլիան Ասանժը Լոնդոնում թաքնվելու ժամանակահատվածում երկու երեխայի հայր է դարձել. Daily Mail (տեսանյութ)

13:31 • 12.04.20

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն` Ստելլա Մորիսը դատարանին կոչ է արել գրավի դիմաց բաց թողնել Ասանժին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ Ասանժի` Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվելու ժամանակ զույգը երկու երեխա է ունեցել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Ըստ աղբյուրի, Ստելլա Մորիսը նշանված է Ասանժի հետ 2017թ. և դաստիարակում է իրենց երկու որդիներին` 2-ամյա Գաբրիելին և 1-ամյա Մաքսին:

Մորրիսը կարծում է, որ իր սիրելիի կյանքին վտանգ է սպառնում: Բանտում, որտեղ նրան պահում են, կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել, մի բանտարկյալ էլ մահացել է այդ հիվանդությունից: Ասանժը օրվա 23 ժամը անցակցնում է միայնակ բանտարկության մեջ, նրա մոտ բոլոր այցերը դադարեցվել են:

«Ջուլիանի թույլ ֆիզիկական առողջությունը նրան շատ լուրջ վտանգի է ենթարկում, չեմ կարծում, որ նա կկարողանա դիմանալ կորոնավիրուսով վարակմանը»,-հայտարարել է Մորրիսը:

Դատարանն անվելի վաղ հրաժարվել էր ազատ արձակել Ասանժին, առողջական վիճակից ելնելով և հաշվի առնելով կորոնավիրուսի ռիսկը, քանի որ Ասանժն արդեն խախտել էր պայմանական ազատ արձակման պայմաններն ու թաքնվել էր արդարադատությունից:

2010թ. Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011թ. որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012թ. նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018թ. ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել: