Բանգլադեշում իրականացրել են երկրի առաջին նախագահին սպանող սպայի մահապատիժը

15:40 • 12.04.20

Բանգլադեշի իշխանությունները իրականացրել են երկրի առաջին նախագահ շեյխ Մուջիբուր Ռահմանին սպանողներից մեկի` բանգլադեշյան բանակի նախկին սպա Աբդուլ Մաջեդի մահապատժի որոշումը: Այս մասին տեղեկացնում է wn.com կայքը:

Մահապատիժը իրականացվել է Դաքքայի կենտրոնական բանտում:

Նախագահ Ռահմանը սպանվել է 1975թ. օգոստոսի 15-ին, Դաքքայի իր կեցավայրում, կնոջ, երեք որդիների և ընտանիքի այլ մտերիմների հետ միասին: Ողջ են մնացել միայն նախագահի երկու դուստրերը, որոնք այդ ժամանակ արտասահմանում էին:

«Դատապարտյալին կախել են կիրակի, ժամը 00:01-ին»,-տեղեկացրել է բանտերի գլխավոր քննիչ, բրիգադի դեներալ Մուստաֆա Քեմալ Փաշան:

Մահապատիժը իրականացվել է 4 օր անց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Աբդուլ Համիդը հրաժարվել է ներում շնորհել դատապարտյալին: Նույն օրը Դաքքայի շրջանային դատարանը մահապատիժ է սահմանել Մաջեդի նկատմամբ, որը ձերբակալվել էր ապրիլի 7-ին:

Բանգլադեշում հեղաշրջումից հետո տարբեր պաշտոններ զբաղեցրած Մաջեդը 1996թ. ստիպված էր լքել Բանգլադեշը, երբ երկրի վարչապետ դարձավ առաջին նախագահի դուստրը` շեյխ Հասինա Վազեդը, որը վերսկսել էր իր ընտանիքի սպանության հետաքննությունը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Մաջեդը այն 15 մարդկանցից մեկն էր, որ դատապարտվել էր մահվան 1975թ. ռազմական հեղաշրջման ժամանակ երկրի առաջին նախագահի ընտանիքին սպանելու համար: Տարբեր ժամանակներում նա թաքնվել է Լիբիայում, Պակիստանում և Հնդկաստանում: Հնդկաստանից նա Բանգլադեշ է վերադարձել այս տարվա մարտի 15-ին կամ 16-ին` կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո: