Միասնական ջանքերով այս համատեղ փորձությունը կհաջողվի հաղթահարել. Վրաստանի վարչապետը շնորհավորել է քրիստոնյաներին Զատկի տոնի կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է այսօր Գրիգորյան օրացույցով Սուրբ Հարության տոնը նշող քրիստոնյաներին: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, Վրաստանում Զատիկն ապրիլի 12-ին նշում են Հռոմի կաթոլիկ եկեղեցին, Ավետարանական-լյութերական եկեղեցին, Հայ Առաքելական եկեղեցին և ավետարանական քրիստոնյաների մի մասը:
Համավարակի ֆոնին Վրաստանի գրեթե բոլոր տաճարներում Զատկի տոնի պատարագները մատուցվում են հատուկ պայմաններում: Այլ երկրներում ևս արարողությունն անցկացվում է առանց հավատացյալների:
Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով այս համատեղ փորձությունը կհաջողվի հաղթահարել:
«Ցանկանում եմ շնորհավորել մեր երկրի բոլոր քաղաքացիներին, որոնք Զատիկն այսօր են նշում՝ վրաց կաթոլիկներին, Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմին և մեր հայ հայրենակիցներին, Վրացական Ավետարանական-լյութերական եկեղեցուն և դրա հավատավորներին: Առողջություն և կայունություն եմ մաղթում»,- գրել է վրաց վարչապետը ֆեյսբուքյան էջում:
Սոցցանցում քրիստոնյաներին շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն։ «Շնորհավորում եմ այս լուսավոր տոնի կապակցությամբ վրացի կաթոլիկներին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին և մեր հայ հայրենակիցներին, Վրաստանի Ավետարանական-լյութերական եկեղեցուն։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին բարեկեցություն, առողջություն եւ ուրախություն»,- գրել է նա։










