Լոնդոնը 249 միլիոն դոլար կտրամադրի զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Մեծ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ սթերլինգ (249 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի տեղի բարեգործական և միջազգային կազմակերպություններին, որ կուղղվի զարգացող երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման վարչությանը:
«200 միլիոն ֆունտ սթերլինգի փաթեթը կաջակցի բարեգործական և միջազգային կազմակերպություններին զանգվածային վարակման դեպքերը կրճատելու գործում այն զարգացող երկրներում, որոնց առողջապահության համակարգը հաճախ չի կարողանում հետևել և կանխել վիրուսը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օգնելով խոցելի երկրներին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում՝ Մեծ Բրիտանիան փորձում է թույլ չտալ վիրուսի երկրորդ ալիքի տարածմանը:
Նախատեսված 249 միլիոն դոլարից 162 միլիոնը կփոխանցվի ՄԱԿ-ի գործակալություններին, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, շուրջ 62 միլիոն կփոխանցվի Կարմիր խաչին, 25 միլիոնը` տարբեր հասարակական կազմակերպությունների: Այս պահին Մեծ Բրիտանիան արդեն 926 միլիոն դոլարի ներդրում է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










