Ինգուշեթիայում առաջարկել են կորոնավիրուսին չհավատացողների համար էքսկուրսիա կազմակերպել ինֆեկցիոն հիվանդանոց. TACC

01:52 • 12.04.20

Ինգուշեթիայի կառավարությունը պատրաստ է էքսկուրսիա կազմակերպել քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում կորոնավիրուսի առկայությանը և խախտում են ինքնամեկուսացումը: Այս մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի առողջապահության նախարար Զարեմա Լյանովային:

«Միակ պայմանն այն է, որ այցելուներն իրենք պետք է բերեն պաշտպանիչ կոստյումներ: Բոլոր անհավատներին ու քննադատներին, որոնք նստած են սոցիալական կայքերում և գրում են «հիվանդության սցենարով պատրաստված լինելու մասին», պաշտոնապես հրավիրում եմ ինֆեկցիոն հիվանդանոց: Ովքեր կասկածում են, կարող են գալ և տեսնել տանջվող այդ մարդկանց, ինչպես նաև նրանց բարեկամների ապրումները»,- ասել է Լյանովան:

Նախարարը հավելել է, որ մարդիկ չեն հավատում այն ամենին, ինչ տեղի է ունենում և անլուրջ են վերաբերվում անվտանգության կանոններին, ինչի հետևանքով կորոնավիրուսի տարածումը շարունակվում է արագ տեմպերով: