Մեքսիկայի իշխանությունները անհանգստացած են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների նկատմամբ կատարովող հարձակումներից
Մեքսիկայի առողջապահության նախարարության պաշտոնյաները վրդովմունք են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների նկատմամբ կատարվող հարձակումներից և նշել են, որ այդ բժիշկները շուտով դառնալու են համաճարակի դեմ պայքարի գլխավոր գործող դեմքերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք խորապես վրդովված և անհանգստացած ենք այն փաստով, որ բուժաշխատողները հարձակումների են ենթարկվում: Զարհուրելի, աննախադեպ և մտահոգիչ է, որ կան մարդիկ, որոնք վախի և զայրույթի զգացումներ են ուղղում իրենց պաշտպանող բժիշկներին»,-հայտարարել է Մեքսիկայի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես-Գատելը:
Պաշտոնյայի խոսքերով բուժաշխատողների նկատմամբ ագրեսիայի դեպքեր են տեղի ունեցել հասարակական վայրերում և տրանսպորտում, բայց մինչև հիմա բժիշկներին ուղեկցելու ոչ մի ծրագիր չի նախատեսվել:
«Այժմ, երբ մենք մոտ ենք համաճարակի տարածման երրորդ փուլին անցնելուն, այդ վբժիշկները դառնալու են գլխավոր գործող դեմքերը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում, ինչպես պետության, այնպես էլ բնակչության կողմից»,-ընդգծել է Լոպես Գատելը:
Վերջին տվյալներով Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4219 դեպք, ինչի հետևանքով մահացել է 273 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










